ՀԱԱԳ և ԲԵԼԷԿՍԻՄԳԱՐԱՆՏ ընկերությունների միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր

2014թ.-ի հոկտեմբերի 24-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի ունեցավ տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 11-րդ նիստը, որի շրջանակներում «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» և «ԲԵԼԷԿՍԻՄԳԱՐԱՆՏ»  ընկերությունների միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր:

Հուշագիրը սահմանում է ընկերությունների համագործակցության շրջանակները, մասնավորապես՝ ապահովագրական ռիսկերի կառավարման և հատուցումների հետստացման ոլորտներում փորձի և տեղեկատվության փոխանակումը, գործունեության հետ կապված հարցերի քննարկման համար հանդիպումների, վերապատրաստումների կազմակերպումը:

Հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվեց երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ շոշափվեցին Հայաստանի և Բելառուսի միջև տնտեսական համագործակցության ներկա իրավիճակը, առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները, արդյունաբերության, գյուղատնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի, քաղաքաշինության, փոքր և միջին ձեռնարկատիրության, գիտության, կրթության, մշակույթի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում երկկողմ համագործակցության հաստատման և ընդլայնման ուղիները: