ՀԱԱԳ-ը Բեռնի Միության 2026 թվականի տարեկան ընդհանուր ժողովին
27.11.2026

ՀԱԱԳ-ը Բեռնի Միության 2026 թվականի տարեկան ընդհանուր ժողովին

2026 թվականի նոյեմբերի 16-19-ը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում, Nippon Export and Investment Insurance (NEXI)-ի հյուրընկալությամբ, տեղի ունեցավ Բեռնի Միության 2026 թվականի տարեկան ընդհանուր ժողովը։

Միջոցառմանը մասնակցում էին նաև Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության գործադիր տնօրեն Ալբերտ Բաբայանը և Ընկերության գլխավոր հաշվապահ Կարեն Երանոսյանը։

📌 Բեռնի Միությունը պետական և մասնավոր արտահանման ու ներդրումային ապահովագրական կազմակերպությունների աշխարհի խոշորագույն ասոցիացիան է, որը նպաստում է միջազգային առևտրի զարգացմանն ու ոլորտում համագործակցության ամրապնդմանը։

Միջոցառմանը մասնակցում էին շուրջ 60 երկրից ավելի քան 250 պատվիրակներ՝ «Համատեղ բարգավաճում» (Co-creating Shared Prosperity) խորագրի ներքո։ Քննարկումների առանցքում պետական և մասնավոր հատվածների գործընկերության գաղափարն էր՝ համատեղ մարտահրավերներին դիմակայելու, նոր հնարավորություններ բացահայտելու և կայուն տնտեսական աճը խթանելու նպատակով։

🌍 Քննարկումների հիմնական թեմաներն էին՝

• Քաղաքական և մակրոտնտեսական զարգացումները, որոնք ազդում են միջազգային առևտրի և ներդրումների վրա,

• Դրանց ազդեցությունը արտահանման ապահովագրական գործակալությունների (ECA) ռիսկերի կառավարման, առաջարկվող ծառայությունների, ինչպես նաև արտահանողներին, ներդրողներին և առանցքային ոլորտներին ցուցաբերվող աջակցության վրա,

• Տարբեր տարածաշրջաններում համատեղ բարեկեցության ստեղծմանն առնչվող հնարավորություններն ու մարտահրավերները։

📌 Միջոցառման շրջանակում կայացավ նաև Պրահայի ակումբի հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին ակումբի անդամների միջև համագործակցության և փորձի փոխանակման հնարավորությունները, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) անդամ երկրների արտահանման ապահովագրական գործակալությունների հետ փոխգործակցության հեռանկարները, ինչպես նաև կառավարման արդյունավետ մեխանիզմների կիրառման հարցերը։

 

Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով ներկայացված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով