ՀԱԱԳ-ը մասնակցել է Գյումրիում կայացած «ՀՀ տնտեսությունը Երևանից դուրս» համաժողովին և «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» EXPO ցուցահանդեսին
09.11.2026

ՀԱԱԳ-ը մասնակցել է Գյումրիում կայացած «ՀՀ տնտեսությունը Երևանից դուրս» համաժողովին և «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» EXPO ցուցահանդեսին

2026 թվականի նոյեմբերի 6-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում կայացել է «ՀՀ տնտեսությունը Երևանից դուրս» խորագրով համաժողով և «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» թեմայով EXPO ցուցահանդես, որին մասնակցել է Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը (ՀԱԱԳ)՝ գործադիր տնօրեն Ալբերտ Բաբայանի գլխավորությամբ։

Ցուցահանդեսի շրջանակում ՀԱԱԳ-ի ներկայացուցիչները ներկայացրել են ընկերության գործունեությունը, առաջարկվող ապահովագրական ծառայություններն ու գործիքակազմը՝ մասնավորապես անդրադառնալով արտահանող ընկերությունների աջակցության, բիզնեսի զարգացման և ֆինանսավորման հասանելիության ընդլայնման հնարավորություններին։

Համաժողովի ընթացքում քննարկվել են Երևանից դուրս տնտեսական զարգացման խթանման, մարզային բիզնեսի ֆինանսավորման, առկա մարտահրավերների և նոր հնարավորությունների ստեղծմանն առնչվող հարցեր։ Միջոցառումը հարթակ է հանդիսացել պետական, ֆինանսական և մասնավոր հատվածների ներկայացուցիչների միջև փորձի փոխանակման և համագործակցության նոր ուղղությունների բացահայտման համար։

Մասնակցությունը հնարավորություն է տվել ՀԱԱԳ-ին ներկայացնելու իր գործունեությունն ու առաջարկվող լուծումները մարզային գործարար համայնքին, ամրապնդելու գործող գործընկերային կապերը և ձևավորելու համագործակցության նոր հնարավորություններ՝ ուղղված մարզային բիզնեսի զարգացմանն ու արտահանման ներուժի իրացմանը։

Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով ներկայացված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով