Փետրվարի 17-ին կայացավ արտադրողների համար աջակցության ծրագրերին նվիրված միջոցառում
Փետրվարի 17-ին «Կոնգրես Երևան» հյուրանոցում տեղի ունեցավ «Աջակցության ծրագրեր, ֆակտորինգ և արտահանման ապահովագրություն արտադրողների համար» խորագրով միջոցառում, որը կազմակերպվել էր ԱրմՍվիսԲանկի և Հայաստանի ներդրումային խորհուրդի համատեղ նախաձեռնությամբ։
Արտադրությամբ զբաղվող ընկերությունների համար մեկ հարթակում ներկայացվեցին մի շարք առանցքային թեմաներ։ Մասնակիցների հետ իրենց փորձով և գործնական գիտելիքներով կիսվեցին՝
🔹 Հայաստանի ներդրումային խորհրդի փորձագետները
🔹 ԱրմՍվիսԲանկի ներկայացուցիչները
🔹 Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության ներկայացուցիչները
🔹 Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Փոքր բիզնեսի խորհրդատվության թիմը
Ելույթով հանդես եկավ ՀԱԱԳ-ի գործադիր տնօրեն Ալբերտ Բաբայանը՝ ներկայացնելով ընկերության կողմից մատուցվող ծառայությունները և դրանց ընձեռած հնարավորությունները բիզնեսի համար։
Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին՝ ընդգծելով կատարված բարեփոխումների կարևորությունը և նոր հնարավորությունների ստեղծումը արտադրողների համար․
«Արտադրողները Հայաստանի տնտեսության առանցքն են, և ՎԶԵԲ-ը մշտապես նրանց կողքին է՝ տրամադրելով ոչ միայն ֆինանսավորում, այլև մասնագիտական փորձառություն, աջակցություն բարեփոխումներին և գործընկերային կապեր, որոնք նպաստում են կայուն աճին և միջազգային մրցունակության ապահովմանը»։
ԱրմՍվիսԲանկի գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանն իր խոսքում նշեց․
«ԱրմՍվիսԲանկը կարևորում է ֆակտորինգային ծառայությունների և արտահանման ապահովագրության զարգացումը՝ բիզնեսին արագ ֆինանսավորում և կայուն աճ ապահովելու նպատակով»։
Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար Հովսեփ Պատվականյանը ընդգծեց․
«Մեր նպատակն է ներկայացնել արտադրողներին բոլոր այն հնարավոր աջակցման ծրագրերն ու պրոդուկտները, որոնք կարող են օգնել թե ֆինանսավորման, այնպես էլ բիզնեսի ընդլայնման, աշխատողների ներգրավման, արտահանման ուղիների ընդլայնման և արտահանման ռիսկերի նվազեցման հարցերում»։
Նման հանդիպումները նպատակ ունեն ամրապնդելու բիզնեսի և ֆինանսական ոլորտի համագործակցությունը՝ ստեղծելով շարունակական հարթակ գիտելիքի, փորձի և հնարավորությունների փոխանակման համար։
Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով ներկայացված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով